Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Թերապիայի կայացումը և զարգացումը Հայաստանում

Թերապիայի կայացումը և զարգացումը Հայաստանում

Ներկայումս ներքին բժշկությունը, որպես Հայաստանի բժշկագիտության և առողջապահության առանձին մասնաճյուղ, վերապրում է ձեռքբերումների վերաիմաստավորման, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման և զարգացման նոր ուղղություններ մշակելու բարդ փուլ։

 

Այդ առումով հետաքրքրական է Հայաստանի թերապիայի կայացման և զարգացման պատմության ուսումնասիրությունը, որը կապված է նախա- և հետդիպլոմային կրթության կազմակերպման, Երևանի պետական բժշկական ինստիտուտում (ներկայումս՝ Համալսարան, բացվել է 1930 թ. Երևանի պետհամալսարանի բժշկական ֆակուլտետի հիման վրա) և Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (ներկայումս՝ Առողջապահության ազգային ինստիտուտ, հիմնվել է 1963 թ. ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակուլտետի հիման վրա) ակադեմիական ամբիոնների, կլինիկաների և գիտական դպրոցների կազմակերպման հետ։


Հայկական բժշկությունը հպարտ է իր հարուստ պատմությամբ և ավանդույթներով։ Պատմության վերջին հարյուրամյակի էջերում գրանցվել են հայրենական խոշոր գիտնականներ Վ.Մ. Արծրունու, Հ.Ս. Քեչեկի, Ա.Օ. Արզումանյանի, Ա.Հ. Գաբրիելյանի, Հ.Գ. Միրզա-Ավագյանի, Ռ.Հ. Յոլյանի, Գ.Ա. Արեշյանի, Ս.Ս. Շարիմանյանի և այլոց անունները, որոնք անմնացորդ ծառայեցին հայրենիքին և հայ ժողովրդին։


Հայ բժշկագիտության փառաբանմանը նպաստեցին նաև Հայաստանի թերապիայի զարգացման ակունքներում կանգնած ակադեմիկոս Լ.Ա. Հովհաննիսյանը (1885-1970), պրոֆեսորներ Ա.Ա. Մելիք-Ադամյանը (1885-1949) և Ռ.Ն. Գյանջեցյանը (1885-1954), որոնք հրավիրվեցին աշխատանքի Երևանի պետհամալսարանի բժշկական ֆակուլտետ։ Նրանք բարձրագույն բժշկական կրթություն էին ստացել հանրապետությունից դուրս, այն ժամանակվա հռչակավոր բուհերում. Լ.Ա. Հովհաննիսյանը և Ա.Ա. Մելիք-Ադամյանը՝ Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետում, իսկ Ռ.Ն. Գյանջեցյանը՝ Մոնպելյեի համալսարանում (Ֆրանսիա)։ Մինչ Հայաստանում արգասավոր գործունեություն ծավալելը նրանք արդեն ձեռք էին բերել գիտամանկավարժական և բուժական աշխատանքի փորձ։ Հայրենասիրական մեծ նվիրումով նրանք ձեռնամուխ եղան հայրենիքում սեփական որակյալ բժշկական և, մասնավորապես, թերապևտիկ կադրեր պատրաստելու գործին։ Հայաստանում գործունեության առաջին իսկ տարիներին նրանք ականատես եղան Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի աննախադեպ ցեղասպանության (1915-1920), Առաջին համաշխարհային պատերազմի և սոցիալ-տնտեսական աղետի հետևանքներին։ Հայաստանում տիրում էին սովը, աղքատությունը, տուբերկուլյոզի, աղիքային վարակների, բրուցելյոզի, բնական ծաղկի, տրախոմայի համաճարակները, լայն տարածում էր ստացել ռևմատիզմը։ 1920-ական թթ. տագնապալի բարձր էր մալարիայի հիվանդացության մակարդակը։ Համաճարակի ամենախոշոր օջախներից մեկի՝ Արարատյան դաշտավայրի 10 հազար բնակչի շրջանում 8-9 հազարը վարակված էին մալարիայով։ Այդ իսկ պատճառով 1923 թ. Լ.Ա. Հովհաննիսյանի ակտիվ մասնակցությամբ բացվեց Հայաստանում առաջին գիտահետազոտական ինստիտուտը՝ տրոպիկականը։ Բժիշկների առջև ծառացել էին բազմաթիվ խնդիրներ՝ կապված քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, բնակչության բժշկական կուլտուրայի բարձրացման և համընդհանուր մատչելի բուժօգնության ապահովման հետ։


Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան 1925 թ. բացվեց ֆակուլտետային թերապիայի ամբիոնը, որը մինչև 1949 թ. ղեկավարում էր պրոֆեսոր Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյանը։ Նրա անվան հետ է կապված Հայաստանում թերապիայի և սրտաբանության կայացումը։ Նրա ղեկավարած ամբիոնի գիտական գործունեության շրջանակում էին սիրտ-անոթային հիվանդությունների, մալարիայի ժամանակ ներքին օրգանների ախտահարման տարբեր խնդիրների և ներքին հիվանդությունների առողջարանային բուժման հնարավորությունների ուսումնասիրությունը։


Ֆրանսիա կատարած գործուղումից (1929) և արտասահմանյան առաջատար բժշկական կենտրոններում սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ձեռքբերումներին ծանոթանալուց հետո վերադառնալով իր կլինիկան՝ Ա.Ա. Մելիք-Ադամյանը ներդրում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման մի շարք նոր եղանակներ, փոփոխություններ կատարում ուսումնական ծրագրերում։ Դեռևս այդ ժամանակ նա հատուկ ուշադրություն է դարձնում սրտագրության ներդրմանը ներքին բժշկության պրակտիկայում։


Ձեռքբերված փորձի և գիտական արգասավոր պրպտումների արդյունքում պաշտպանվեց «Հիպերտոնիկ համախտանիշի ուսումնասիրության նյութերը» թեմայով դոկտորական թեզը (1937), որը Հայաստանում սրտաբանության գծով հիմնարար առաջին աշխատություններից էր։
Պրոֆեսոր Ա.Ա. Մելիք-Ադամյանը մշակել է սրտամկանի ինֆարկտի կլինիկայի և տարբերակիչ ախտորոշման, ստամոքսի խոցային ախտահարումների, սակավարյունության, մալարիայով հիվանդների կոմատոզ վիճակների բուժման և խաղողաբուժության հարցերը։ Նրա ջանքերի շնորհիվ հայրենական գիտնականների մի քանի սերնդի ուշադրության կենտրոնում են եղել լեռնային բժշկությունը, կլիմայաթերապիան և բալնեոթերապիան։


 Նրա նախաձեռնությամբ ուսումնասիրվել են Հայաստանի լեռնային առողջարանները։ Ա.Ա. Մելիք-Ադամյանը բազմիցս կազմակերպել է գիտարշավներ Ջերմուկ և մշակել հանձնարարականներ այնտեղ բուժման ցուցումներն ու հակացուցումները և «Ջերմուկ» հանքային ջրի օգտագործելու վերաբերյալ։ Նա ուսումնասիրել է նաև Արագածի, Դարալագյազի, Լոռու բարձրլեռնային կայանների կլիմայաաշխարհագրական և գեոքիմիական պայմանները։ Նա առաջին անգամ գիտականորեն հիմնավորեց Սևանա լճի մոտակայքում, Արագածում, Ստեփանավանում, Գյուլագարակում առողջարանային հաստատությունների ցանցի կազմակերպման նպատակահարմարությունը։ Բարձրլեռնային շրջաններում էնդեմիկ խպիպի տարածվածության ուսումնասիրության, հողում և ջրում յոդի պակասուրդի հայտնաբերման հիման վրա գիտնականը մշակեց համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ մասնավորապես ազգաբնակչությանը յոդացված կերակրի աղով ապահովելու ուղղությամբ։


Պրոֆեսոր Ա.Ա. Մելիք-Ադամյանի անմիջական մասնակցությամբ իրակացնաեց մի շարք նորամուծություններ հանրապետության թերապևտիկ ծառայության ոլորտում. հիմնվեց կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ԳՀԻ (1932), բացվեցին ԱՆ բժշկագիտական խորհուրդը (1944), այդ խորհրդին կից խպիպի ուսումնասիրման հանձնաժողովը (1946), Հանրապետական հակառևմատիկ կոմիտեն, ռևմատաբանական կաբինետներ պոլիկլինիկաներում և բաժանմունքներ հիվանդանոցներում։


Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսորՌուբեն Նիկիտի Գյանջեցյան Ռուբեն Նիկիտի Գյանջեցյանը 1935 թ. հիմնադրեց հոսպիտալ թերապիայի ամբիոնը և ղեկավարեց այն մինչև 1954 թ.։ Մինչ 1935 թ. հոսպիտալ թերապիայի դասընթացը վարում էին Լ.Ա. Հովհաննիսյանը և Ա.Ա. Մելիք-Ադամյանը (1925-1930), իսկ 1931 թ.՝ Ռ.Ն. Գյանջեցյանը։ 1935-1954 թթ. ամբիոնի աշխատակիցները պաշտպանել են 10 թեկնածուական թեզ, հրատարակել 86 ծանրակշիռ հոդված։ Պրոֆեսորին աշակերտել են Ռ.Պ. Ստամբոլցյանը, Ալ.Ա. Մելիք-Ադամյանը, Ս.Գ. Երեմյանը, Վ.Պ. Բունիաթյանը, Շ.Լ. Ավագյանը, Ս.Ս. Ճշմարիտյանը, Ա.Մ. Ավետիսյանը, Հ.Ա. Նանագուլյանը, Ն.Գ. Գյուլիքեխվյանը։
 Անձամբ Ռ.Ն. Գյանջեցյանը հեղինակ է 35 գիտական աշխատության, այդ թվում՝ 3 մենագրության («Մալարիայի բուժումը», 1944, «Մալարիայի կլինիկան», 1945, «Ավիտամինոզներ և հիպովիտամինոզներ», 1947)։ Մեծ արժեք է ներկայացնում նաև տուբերկուլյոզի կլինիկային և բուժմանը վերաբերող աշխատությունը, որը այն ժամանակվա պրակտիկ բժիկների համար դարձել էր անփոխարինելի ուղեցույց։


Լինելով Լ.Վ. Գրոմաշևսկու տեսության հետևորդ՝ առաջադեմ գիտնականը մալարիայի վերաբերյալ աշխատություններում ընդգծում էր, որ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ազդել համաճարակային շղթայի բոլոր 3 օղակների վրա։ Նա առանձնակի ուշադրություն էր դարձնում մալարիայով հիվանդների մոտ տուբերկուլյոզի կլինիկայի, ընթացքի և Հայաստանի առողջարաններում բուժման վրա։ Ռ.Ն. Գյանջեցյանը ծավալուն պայքար կազմակերպեց տուբերկուլյոզի դեմ և հիմնադրեց ֆթիզիատրիկ ծառայությունը։ Այդ դժվար գործում նրան օգնեցին դեռևս 1923 թ. Լենինգրադում տուբերկուլյոզի գծով մասնագիտացման ժամանակ ստացած գիտելիքները, ինչպես նաև Բալախանի, Բաքվի թերապևտիկ կլինիկաներում, Թբիլիսիի տուբդիսպանսերում (1914-1930) աշխատանքային փորձը, որտեղ ևս լայնորեն տարածված էր տուբերկուլյոզը։ 1927 թ. նա հիմնադրեց Դիլիջանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը, որը հետագայում վերակազմավորվեց որպես առողջարան և կոչվեց գիտնականի անունով։ Նա հիմնավորեց Դիլիջանի պայմաններում տուբերկուլյոզի, քրոնիկ թոքային ախտաբանության և այլ ներքին հիվանդությունների կլիմայաբուժման հնարավորությունները։


Պրոֆեսոր Ռ.Ն. Գյանջեցյանը բացահայտեց «Դիլիջան» հանքային ջրի և «Արզնի» առողջարանի հանքային ռեսուրսների բուժիչ հատկությունները ու դրանց կիրառելիությունն աղեստամոքսային ուղու հիվանդությունների համալիր բուժման մեջ։ «Արզնի» հանքային ջրերի բուժական հատկություններն ուսումնասիրելու ուղղությամբ ծավալուն աշխատանք կատարեց նաև գիտնականի դուստր, հիանալի կլինիցիստ Նինա Ռուբենի Գյանջեցյանը։


Պրոֆեսոր Ռ.Ն. Գյանջեցյանն ուշադրություն դարձրեց նաև բազմաթիվ հիվանդությունների բուժման համար Հայաստանի, հատկապես Գյուլագարակի և Կիրովականի տորֆի հարուստ հանքավայրերն օգտագործելու հեռանկարների վրա։     Տորֆի բուժիչ հատկություններին վերաբերող պրոֆեսոր Գյանջեցյանի գաղափարների հետագա զարգացումն ու գիտական հիմնավորումն ստացավ նշանավոր կուրորտաբան և ֆիզիոթերապևտ Ռոզա Սահակի Ջանջութովայի (1906-1988) աշխատություններում, որը 1961-1984 թթ. ղեկավարում էր ԵԲԻ ֆիզիոթերապիայի և կուրորտաբանության ամբիոնը, Հայաստանի կուրորտաբանական ռեսուրսների ուսումնասիրման բաժինը Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ԳՀԻ-ում (1953-ից), եղել է ԱՆ գլխավոր մասնագետ և ֆիզիոթերապևտների ու կուրորտաբանների միության նախագահ։ Նա, մասնավորապես, ուսումնասիրել է ռևմատոիդ արթրիտի համալիր բուժման մեջ տորֆի արդյունավետությունը։


Պրոֆեսոր Ռ.Ն. Գյանջեցյանի ղեկավարությամբ ամբիոնի աշխատակիցները քննության առան Կիրովականում (ներկայումս՝ Վանաձոր) և մերձակա գյուղերում էնդեմիկ խպիպի լայն տարածվածության պատճառները, ինչը հնարավորություն տվեց գիտականորեն հիմնավորել կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը։ Այն ժամանակ լինելով ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ժողովրդական դեպուտատ, անխոնջ մշակ և իսկական հայրենասեր Ռ.Ն. Գյանջեցյանը կարողացավ իսպառ վերացնել Կիրովականի առջև ծառացած խպիպի խնդիրը՝ կազմակերպելով խմելու ջրի յոդացումը։ Մեծանուն գիտնականի հետաքրքրությունների շրջանակում էին նաև գաստրոէնտերոլոգիայի հարցերը, մասնավորապես ազգային մի շարք ճաշատեսակների ազդեցությունը աղեստամոքսային հիվանդությունների ընթացքի վրա, խոցային հիվանդության քնաբուժությունը, հիպո- և ավիտամինոզները, ինչպես նաև բրուցելյոզի ախտածագման, կլինիկայի և բուժման հարցերը։ Բրուցելյոզի ախտածագման մեջ նա առաջինն էր, որ կարևորեց վարակային ալերգիայի գործոնը։


Հարկ ենք համարում նշել նաև, որ երկար տարիներ նա զբաղեցրել է Հայաստանի գլխավոր թերապևտի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի առբաժնի վարիչի պաշտոնները և նպաստել առողջապահության բարեփոխումներին ու համակարգի կադրային ապահովմանը ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղական վայրերում։


Լևոն Անդրեասի ՀովհաննիսյանԽՍՀՄ ԲԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Անդրեասի Հովհաննիսյանը 1923 թ. հիմնադրեց ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը և ղեկավարեց այն մինչև 1966 թ.։ Ամբիոնի հետազոտությունները վերաբերում էին մալարիայի դասակարգման, կլինիկայի, ախտորոշման և բուժման հիմնահարցերին, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեջ Արզնիի կուրորտաբանական ռեսուրսների կիրառմանը։ Լ.Ա. Հովհաննիսյանը Արզնիում հիմնադրեց միութենական նշանակության սրտաբանական առաջնակարգ առողջարան։ 


1937 թ. Լ.Ա. Հովհաննիսյանը փայլուն պաշտպանեց «Սրտի օրգանական աղմուկների ծագման մասին» թեմայով դոկտորական թեզը։ Ակադեմիկոս Լ.Ա. Հովհաննիսյանի գիտական հարուստ ժառանգությունը ներառում է 180 գիտական աշխատություն և 20 մենագրություն։ Նա հեղինակ է ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի և թերապիայի արժեքավոր մի շարք ուսումնական ձեռնարկների. «Ներքին հիվանդությունների դիագնոստիկա», 1951, «Ներքին հիվանդությունների մի շարք ներածական հարցերի շուրջ», 1954, «Ներքին հիվանդությունների մասնավոր ախտաբանություն», 1956, «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա», 1964, որոնք մինչև օրս հետաքրքրություն են ներկայացնում ուսանողների և բժիշկների համար, մասնավորապես, անամնեզը հավաքագրելու, հիվանդին զննելու և ֆիզիկական հետազոտությունների առումով։ Լինելով հանդերձ մուտք բժշկության արվեստ՝ այդ ձեռնարկները այնպես են ներկայացնում ախտորոշման բազմաթիվ մեթոդները, ինչպես ժամանակին առաջարկվել են Ռուսաստանի թերապիայի հիմնադիրներ Մ.Յա. Մուդրովի, Գ.Ա. Զախարյինի և Ս.Պ. Բոտկինի կողմից։ Հարկ է նաև հիշատակել, որ այդ ձեռնարկներից առաջինը (1951) մշակվել է ճանաչված դիագնոստ պրոֆեսոր Ա.Տ. Սիմոնյանի հետ համահեղինակությամբ։


Լ.Ա. Հովհաննիսյանն ուսումնասիրել է նաև ներքին հիվանդությունների հոգեբանական ասպեկտները և մշակել ինքնատիպ մենագրություններ. «Ներքին հիվանդությունների կլինիկայում հոգեկան և սոմատիկ ոլորտների փոխհարաբերության մասին», 1961 և «Սրտային հիվանդի հոգեբանական կերպարի մասին», 1963։


Թերևս, առավել արժեքավոր է Լ.Ա. Հովհաննիսյանի «Հայաստանի բժշկության պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը)» հիմնարար աշխատությունը, որը լույս է սփռում հնագույն ժամանակների հայ բժշկապետերի գործունեությանը, տեղեկություններ հաղորդում ներքին և այլ հիվանդությունների բուժման յուրօրինակ եղանակների, հայ բժշկության դարավոր ավանդույթների ակունքների մասին, որոնք ընկած են ժամանակակից բժշկագիտության հիմքում։


Մեծ հռչակ ունի ակադեմիկոս Լ.Ա. Հովհաննիսյանի ծառայությունը պարբերական հիվանդության խնդրի մշակման գործում, որը համարվում է տարածաշրջանային ախտաբանություն Հայաստանի և միջերկրածովյան երկրների համար։ Լ.Ա. Հովհաննիսյանը և Վ.Մ. Ավագյանն առաջին անգամ հիվանդությունը դիտարկեցին որպես առանձին նոզոլոգիական միավոր, նկարագրեցին նոպաների կլինիկական պատկերը՝ նշելով դրանց պարբերականությունը, տենդի և լյարդի ու լեղուղիների անցողիկ բորբոքային երևյթների հետ զուգակցվելը։ Գիտնականներն առաջ քաշեցին հիվանդության ախտածագման վարակային տեսությունը, որը ծառայեց որպես անկյունաքար հայ գիտնականների ապագա սերունդների կողմից այդ առեղծվածային հիվանդության պատճառաախտածնության բազմակողմանի ուսումնասիրության համար։ Լ.Ա. Հովհաննիսյանը և Վ.Մ. Ավագյանն հրատարակեցին այդ խնդրի վերաբերյալ առաջին գիտական հոդվածը «Սովետսկայա մեդիցինա» ամսագրում (1938 թ., թիվ 16, էջ 9) «Անհայտ ինֆեկցիոն հիվանդության մի շարք դեպքեր» վերտառությամբ։


Հանճարեղ գիտնական, հմուտ կազմակերպիչ և հասարակական գործիչ Լ.Ա. Հովհաննիսյանը գլխավորում էր Հայաստանի սրտաբանների միությունը։ Նրա անունը պատվավոր տեղ է գրավում է Հայաստանի սրտաբանության, կլիմայաբուժման և ջրաբուժման պատմության մեջ։


Թերապիայի հիմնադիրները ներվիզմի մատերիալիստական, այն ժամանակվա համար առաջադեմ տեսության կողմնակիցներ էին։ Այդ տեսությունն առաջարկվել էր ռուսական գիտական մտքի հանճարներ թերապևտ Ս.Պ. Բոտկինի և ֆիզիոլոգ Ի.Պ. Պավլովի կողմից ու զարգացում ստացել ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու աշխատություններում։ Նախքան Հանս Սելյեի սթրեսի տեսության մշակելը հայրենական գիտնականները պարզաբանել էին նյարդային համակարգի՝ հատկապես նրա ինտեգրատիվ ֆունկցիայի դերը ներքին ախտաբանության զարգացման և ընթացքի մեջ։ Ներվիզմի տեսությունը խթանեց ֆունկցիոնալ և անհատականացված մոտեցման զարգացումը կլինիկայում («բուժել հիվանդին, այլ ոչ հիվանդությունը»)։ Ներվիզմի դրույթները հատկապես վառ արտացոլվեցին Ռ.Ն. Գյանջեցյանի և Ռ.Պ. Ստամբոլցյանի աշխատություններում, որոնք վերաբերում էին Հայրենական մեծ պատերազմի տարիներին խոցային հիվանդության տարածվածությանը, բրոմի պատրաստուկներով և քնով խոցային հիվանդության բուժման, ինչպես նաև Լ.Ա. Հովհաննիսյանի ներքին հիվանդությունների կլինիկայում հոգեբանական ասպեկտների վերաբերյալ աշխատություններում։


Հայաստանում թերապիայի հիմնադիրները, լինելով վառ անհատականություններ, հումանիստներ, տաղանդաշատ կլինիցիստներ և հասարակական գործիչներ, կարողացան հիմնել գիտական դպրոցներ, որոնք և որոշեցին թերապիայի ու ամբողջ առողջապահության հետագա կայացման ուղղությունները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատելով հանրապետության էվակուացիոն հոսպիտալներում և ռազմաբժշկական փորձաքննական հանձնաժողովներում՝ նրանք փրկեցին հազարավոր զինվորների կյանք և իրենց ավանդը ներդրեցին մեծ հաղթանակին հասնելու գործում։ 1944-45 թթ., հանդիսանալով ԵԲԻ ռեկտոր, Ռ.Ն. Գյանջեցյանը նախադրյալներ ստեղծեց բարձր մակարդակի վրա գիտական գործունեության և ուսումնական գործընթացի աշխուժացման համար։ Պատերազմից հետո գիտնականները ի մի բերեցին ռազմաթերապևտիկ ծառայության փորձը, ինչը տասնամյակներ հետո՝ մեր օրերում ըստ արժանվույնս գնահատվեց ռազմական թերապիա մասնագիտության կայացման ժամանակ։


Անգնահատելի է հայ թերապևտների ավանդը Հայաստանի համար կարևոր խնդրի՝ մալարիայի ուսումնասիրության, համապատասխան կադրերի պատրաստման, հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման գործում, որի արդյունքում 1964 թ. մալարիան վերացվեց Հայաստանի ամբողջ տարածքում։


Հետպատերազմյան տարիներին կենսական անհրաժեշտություն դարձավ ուսումնական գործընթացի կատարելագործումը, առողջապահության, հատկապես առաջնային օղակի, տարբեր «նեղ» ճյուղերի մասնագիտացված կադրերով ապահովումը, բնակչության հոգեբանական և սոմատիկ ռեաբիլիտացիայի կազմակերպումը։ Այս առումով հատկանշական է, որ 50-60-ական թթ. վերակազմավորվեց պոլիկլինիկայի տեղամասային համակարգը, տեղամասային բժշկին փոխարինեց տեղամասային թերապևտը, և ձևավորվեցին առաջնային օղակի «նեղ» թերապևտիկ ծառայությունները (սրտաբանական, թոքաբանական, գաստրոէնտերոլոգիական, ռևմատաբանական, ներզատաբանական և այլն)։ Թերապևտիկ կլինիկաներում տարեցտարի ընդլայնվում էր մահճակալային ֆոնդը, կազմակերպվում էին նոր մասնագիտացված բաժանմունքներ, ոտքի էր կանգնում կլինիկական լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը։ Լայն թափ ստացավ Հայաստանի նորաբաց գիտությունների ակադեմիայի և առողջապահության նախարարության հովանու ներքո գիտահետազոտական խոշոր հաստատությունների կազմակերպումը (սրտաբանության, ընդհանուր հիգիենայի և մասնագիտական ախտաբանության ԳՀԻ և այլն)։ Գիտական հաստատությունների կայացմանը զորավիգ եղան ԵԲԻ թերապևտիկ ամբիոնները։


 1949-1968 թթ. ԵԲԻ ֆակուլտետային թերապիայի ամբիոնը ղեկավարում էր Ուզբեկստանի գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Տիգրան Սերգեյի Մնացականովը (1899-1968), որը մինչ այդ աշխատել էր Սամարղանդի թերապևտիկ կլինիկաներում, ղեկավարել Սամարղանդի բժշկական ինստիտուտի պրոպեդևտիկայի և ֆակուլտետային թերապիայի ամբիոնները (համապատասխանաբար՝ 1936-1940 և 1940-1949 թթ.), միաժամանակ 10 տարի շարունակ եղել նույն ինստիտուտի գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1940 թ. պաշտպանել է հիմնարար աշխատություն՝ «Ուզբեկական ԽՍՀ-ի շոգ կլիմայի պայմաններում կրուպոզ թոքաբորբի ախտածագումը, կլինիկան և բուժումը» դոկտորական թեզը։ Նա շարունակել է ֆակուլտետային թերապիայի ամբիոնի գիտական հետազոտությունները մալարիայի, ռևմատիզմի ժամանակ հոդային ախտանիշների ախտածագման և բուժման, «Ջերմուկ» առողջարանի լեռնային պայմաններում կլիմայաբուժման, լյարդի, լեղուղիների ախտաբանության և շաքարային դիաբետի ընթացքի վրա «Ջերմուկ» հանքային ջրի ազդեցության վերաբերյալ։ Նրա անմիջական ղեկավարությամբ շարունակվել են հետազոտությունները էնդոկրինոլոգիայի, մասնավորապես թիրեոտոքսիկոզի և շաքարային դիաբետի բնագավառում։ Սկսվեցին մշակվել նեֆրոլոգիայի խնդիրները, կլինիկական լայնածավալ հետազոտություններ իրականացվեցին սրտային գլիկոզիդների, միզամուղների և գանգլիապաշարիչների նոր պատրաստուկների արդյունավետության գնահատման ուղղությամբ։ Ըստ որում, Տ.Ս. Մնացականովն այդ գործում առաջնահերթ տեղ էր տալիս կլինիկական լաբորատոր ախտորոշմանը։


Հայաստանի բժշկագիտության նվիրյալը գործունեության արդյունքում պատրաստեց բժշկական գիտությունների 23 թեկնածու և 4 դոկտոր։ Վերջիններիս թվում էին նրա աշակերտներ՝ պրոֆեսորներ Ռ.Ս. Մամիկոնյանը և Վ.Գ. Ամատունին։


Մեծ հետաքրքրություն և արժեք են ներկայացնում Տ.Ս. Մնացականովի «Էնդոկրին գեղձերի հիվանդությունները» (1958), «Անհետաձգելի թերապիա» (1961), «Անհետաձգելի թերապևտիկ հիվանդություններ» (1969) մենագրությունները։


1954 թ. Տ.Ս. Մնացականովն ընտրվեց Հայաստանի թերապևտների ընկերության նախագահ և մինչև իր կյանքի վերջը ղեկավարեց այն։ 1959 թ. նա կազմակերպեց և նախագահեց թերապևտների հանրապետական առաջին գիտաժողովը, որը շրջադարձային էր Միության այլ հանրապետությունների մասնագետների հետ կապերի սերտացման և Հայաստանում թերապիայի զարգացման համար։ Նրա գործուն մասնակցությամբ հիմնադրվեց էնդոկրինոլոգների գիտական ընկերությունը։ Ընկերության առաջին նախագահն էլ ընտրվեց պրոֆ. Տ.Ս. Մնացականովը։


Պրոֆեսոր Տ.Ս. Մնացականովի գործունեության էջերը Հայաստանի բժշկագիտությանը, առողջապահության համակարգին և իր ժողովրդին ազնիվ ու անմնացորդ ծառայելու վառ օրինակ է։


Տ.Ս. Մնացականովի հետ մեկտեղ, էնդոկրինոլոգիայի զարգացման և բժիշկ-էնդոկրինոլոգներ պատրաստելու գործում իրենց ավանդը ներդրեցին ճանաչված գիտնականներ Պ.Ա. Վարդապետյանը (պրոֆեսոր Ա.Ա. Մելիք-Ադամյանի աշակերտը), Գ.Գ. Գևորգյանը, Ռ.Ս. Մամիկոնյանը, Վ.Մ. Հարությունյանը, Գ.Ս. Ղազարյանը, Ա.Ա. Մամիկոնյանը։


Պերճ Արիստակեսի Վարդապետյանը (1914-1988) ղեկավարել է Հայաստանի առողջապահության նախարարության էնդոկրինոլոգիական ծառայությունը, 1961 թ. եղել է էնդոկրինոլոգների ընկերության նախագահ։ Վաստակաշատ գիտնականը բացել է Հայաստանում էնդոկրինոլոգիական հիվանդանոցային առաջին բաժանմունքը և հորմոնային հետազոտությունների լաբորատորիան (1967)։ 1968-1985 թթ. ղեկավարել է ԵԲԻ էնդոկրինոլոգիայի դասընթացը։ Հայտնի է, որ այդ ընթացքում էնդոկրինոլոգիայի ուղղությամբ մասնագիտացել և վերապատրաստվել է մոտ 200 բժիշկ։ Նա ուսումնասիրել է խպիպի տարածվածությունը Հայաստանում, մշակել շաքարային դիաբետի բուժման մեթոդներ։ Ուսանողների, բժիշկների և հիվանդների համար գրվել են «Պսակային անբավարարություն, ստենոկարդիա և սրտամկանի ինֆարկտ» (1969), «Գիրք շաքարային դիաբետով հիվանդների համար» (1974), «Էնդոկրինոլոգիա» (1988) ձեռնարկները։ Այդ տարիներին Գ.Գ. Գևորգյանը, որը նույնպես դասավանդել է էնդոկրինոլոգիա առարկան ԵԲԻ-ում, հրատարակեց մի շարք ծանրակշիռ մենագրություններ, որոնք մինչև օրս կիրառական են առարկայի ուսուցման գործընթացում. «Թիրետոքսիկոզ» (1967), «Կլինիկական էնդոկրինոլոգիա» (1974, 1978), «Կլինիկական էնդոկրինոլոգիայի հիմունքները» (1982)։


 Անվանի գիտնական, փայլուն կլինիցիստ և դիագնոստ Ա.Ա. Մելիք-Ադամյանի և Լ.Ա. Հովհաննիսյանի աշակերտ պրոֆեսոր Արսեն Տիգրանի Սիմոնյանը (1907-1979) ստանձնել է ԵԲԻ հոսպիտալ թերապիայի ամբիոնի ղեկավարությունը 1955 թ. և շարունակել այդ պաշտոնում գործունեությունը մինչև 1976 թ.։ Գիտնականի բազմաթիվ աշակերտների և այն տարիների ուսանողության հիշողության մեջ վառ տպավորվել են Ա.Տ. Սիմոնյանի դասական դասախոսությունները, ուսուցանող համայցները և կլինիկական վերլուծությունները, որոնք միչև օրս համարվում են օրինակելի։ Հիվանդությունների ախտորոշման գործընթացում Ա.Տ. Սիմոնյանը մեծ տեղ էր հատկացնում բժշկի ինտուիցիային, որն, ըստ նրա, հիմնվում է մեծ փորձառության և շարունակական ինքնակատարելագործման վրա։
Ա.Տ. Սիմոնյանի օրոք ուշադրություն էր դարձվում հոսպիտալ թերապիայի դասավանդման նոր ձևեր մշակելուն։ Գիտական ոլորտում նրա և ամբիոնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում էին մալարիայի, արյունաբանության, նեֆրոլոգիայի, հեպատոլոգիայի և սրտաբանության հարցերը։


Պրոֆեսոր Ա.Տ. Սիմոնյանը պատրաստեց գիտության 15 թեկնածու և 6 դոկտոր (դրանցից են Ա.Ա. Այվազյանը, Ա.Ա. Մելիք-Ադամյանը, Է.Գ. Բաղդասարյանը), տպագրեց 110 գիտական ծանրակշիռ հոդված, որոնք հիմք հանդիսացան նրա թեկնածուական («Արյան միջին դինամիկ ճնշումը և արյան շրջանառության ֆունկցիայի կլինիկական գնահատականը» (1936) և դոկտորական («Նյութափոխանակությունը մալարիայի ժամանակ. ընդհանուր ախտաբանություն», 1951) աշխատանքների, ինչպես նաև «Բուժական սննդի ձեռնարկ» (1972) գրքի։ Նրա ղեկավարությամբ սրտաթոքաբանության բնագավառում կատարվել են հիմնարար ուսումնասիրություններ ԵԲԻ հոսպիտալ թերապիայի ասիստենտ (1954-1962), հետագայում դոցենտ և բժիշկների կատարելագործման ինստիտուտի թերապիայի ամբիոնի վարիչ (1971-1975) Ալեքսանդր Արտաշեսի Մելիք-Ադամյանի կողմից։


Գիտության նվիրյալ Ալ.Ա. Մելիք-Ադամյանն ուսումնասիրել է Երևանի 1-ին կլինիկական հիվանդանոցի թերապևտիկ կլինիկաներում թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդությունների տարածվածությունը։ Պարզվեց, որ 60-70-ական թթ. այդ հիվանդություններն ախտորոշվում էին թերապևտիկ բաժանմունքներ հոսպիտալացման 7,2% դեպքերում, մինչդեռ աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության և սրտի ռևմատիկ արատների դեպքերում՝ համապատասխանաբար 3,5%, 4,2%, 6,3%։ «Թոքային սիրտը» արյան շրջանառության անբավարարության պատճառ էր մոտ 30% դեպքերում, իսկ սրտային անբավարարությունից մահացածների շարքում «թոքային սրտով» հիվանդները կազմում էին 16%։ Ալ.Ա. Մելիք-Ադամյանի բազմամյա հետազոտությունների արդյունքներն արտացոլվեցին «Քրոնիկ թոքային սրտի ախտածագման, դասակարգման, կլինիկայի և տարբերակված բուժման որոշ հարցերի շուրջ» դոկտորական թեզում (1973)։ Սույն աշխատության մեջ նա նշեց նաև ՀԽՍՀ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում նոր արտադրված գանգլիապաշարիչների՝ արփենալի, մեսֆենալի, ցիպենամի, ֆուբրոմեգանի կլինիկական արդյունավետության մասին և կլինիկական ու էլեկտրասրտագրության տվյալների հիման վրա առաջին անգամ առանձնացրեց «թոքային սրտի» 3 շրջան. թոքային, թոք-սրտային թոքային անբավարարության գերակշռությամբ և թոք-սրտային սրտային անբավարարության գերակշռությամբ։


 Պրոֆեսոր Ա.Տ. Սիմոնյանից հետո 1977-1983 թթ. ԵԲԻ հոսպիտալ թերապիայի ամբիոնը ղեկավարում էր նրա աշակերտ Արտեմ Ալեքսանդրի Այվազյանը (1924-1993), որը շարունակեց լյարդային ախտաբանության ժամանակ սպիտակուցային անբավարարության, պարբերական հիվանդության և ամիլոիդոզի ախտածագման խնդիրներ մշակելը։ 1966 թ. նա պաշտպանեց «Ամիլոիդոզի պատճառագիտության և ախտածնության հարցերը» դոկտորական թեզը, իսկ 1982 թ. լույս տեսավ Ա.Ա. Այվազյանի «Պարբերական հիվանդություն» հայտնի մենագրությունը։ Դա երկրորդ մենագրությունն էր՝ նվիրված տվյալ խնդրին (առաջինը լույս էր տեսել 1973 թ. ԽՍՍՀ ԲԳԱ ակադեմիկոս Օ.Մ. Վինոգրադովի հեղինակությամբ Մոսկվայում)։ Հմուտ կլինիցիստ Ա.Ա. Այվազյանի մենագրության մեջ հակիրճ ներկայացված էին հիվանդության ախտածագման, կլինիկական պատկերի և բուժման մեթոդների հիմնական սկզբունքները։ Հիվանդության ախտածագման մեջ պրոֆեսոր Ա.Ա. Այվազյանը մեծ տեղ էր հատկացնում հումորալ և բջջային իմունաանբավարարությանը ու օրգանիզմի ալերգիզացիային։ Գիտնականի աշխատության մեջ ամփոփվեցին ամբիոնի և 1969 թ. հանրապետության կառավարության որոշումով բացված պարբերական հիվանդության գիտահետազոտական միակ լաբորատորիայի աշխատակիցների տքնաջան աշխատանքի արդյունքները։ Հատկանշական է, որ այդ լաբորատորիայի ստեղծման և գործունեության շրջանակների ընդլայնման գործում մեծ դեր խաղացին պրոֆեսորներ Ա.Տ. Սիմոնյանը, Ա.Ա. Այվազյանը և Է.Ե. Նազարեթյանը։


Պրոֆեսոր Ա.Ա. Այվազյանի ղեկավարությամբ պաշտպանվեց 9 թեկնածուական և 1 դոկտորական թեզ։ Հարկ է նշել, որ նրա հետ կողք կողքի երկար տարիներ աշխատել են ճանաչված գիտնականներ և մանկավարժներ Ն.Գ. Գյուլիքեխվյանը, Հ.Բ. Բաղդասարյանը, Ի.Հ. Գույումջյանը, Վ.Ա. Մարտիրոսյանը, Մ.Կ. Աբրահամյանը, Ա.Մ. Զավգորոդնյայան, Ս.Հ. Փաշինյանը և Լ.Ա. Հովսեփյանը։


Հայաստանի թերապիայի պատմության նոր էջ բացվեց 1984 թ., երբ ԵԲԻ հոսպիտալ և ֆակուլտետային թերապիայի, ինչպես նաև ֆիզիոթերապիայի և կուրորտաբանության ամբիոնները միավորվեցին և ստեղծվեց ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնը։ Նորաստեղծ ամբիոնի վարիչ ընտրվեց հիանալի կլինիցիստ, գյուտարար, տաղանդաշատ մանկավարժ և դասախոս, գիտության վաստակավոր գործիչ Ռաֆայել Սամվելի Մամիկոնյանը (1927-1995)։ 1968 թ. նա գլխավորել է ֆակուլտետային թերապիայի ամբիոնը, որտեղ պատշաճ մակարդակով շարունակվել են Տ.Ս. Մնացականովի ուսումնասիրությունները էնդոկրինոլոգիայի և նեֆրոլոգիայի ոլորտում։ Տարիներ շարունակ Ռ.Ս. Մամիկոնյանն ուսումնասիրել է երիկամների ֆունկցիաները ախտաբանության ժամանակ։ Նա ցույց տվեց, որ շաքարային դիաբետի ժամանակ երիկամների ֆունկցիոնալ վիճակը որոշվում է հիպերգլիկեմայի և գյուկոզուրիայի փոխհարաբերակցությամբ։ Ստացված տվյալների հիման վրա մշակվեցին շաքարային դիաբետի ժամանակ ածխաջրատային փոխանակության նոր ցուցանիշներ. օրվա ընթացքում արյան մեջ գլյուկոզայի միջին խտությունը և նրա խտությունը երիկամներում ռեաբսորբցվող հեղուկում։ Բեղուն գիտական աշխատանքի պսակ դարձան «Շաքարային դիաբետի և դիաբետիկ անգիոպաթիաների ժամանակ երիկամների ֆունկցիաների խանգարման հարցերի շուրջ» վերտառությամբ մենագրությունը, որի համար 1967 թ. նա արժանացավ գիտությունների դոկտորի աստիճանի, և «Շաքարային դիաբետ և դիաբետիկ անգիոպաթիաներ» մենագրությունը (1971)։


Հիմնարար գիտությունների ժամանակակից նվաճումների հիման վրա, օգտագործելով Ռ.Ս. Մամիկոնյանի ղեկավարած կլինիկայի լաբորատորիական և գործիքային ախտորոշման հարուստ փորձը, կատարվել են կլինիկական ինքնատիպ հետազոտություններ՝ կապված պարբերական հիվանդության, ինսուլային ապարատի և վահանագեղձի, պիելոնեֆրիտի ախտաբանության հարցերի հետ, մասնավորապես միզաքարային հիվանդության ժամանակ հակաշաքարախտային պատրաստուկների ազդեցությունը պսակային արյան շրջանառության վրա։ Մաթեմատիկայի, մեխանիկայի, տեխնիկայի խոր գիտելիքները և նորարարի տաղանդը հիմք հանդիսացան մի շարք հայտնագործությունների. «Պուլսի տրենաժոր», «Աորտայի փականի պրոթեզ», «Սրտի արհեստական փորոք» և այլն։ Հանրահայտ է պրոֆ. Ռ.Ս. Մամիկոնյանի ավանդը նեֆրոլոգիական ծառայություն հիմնադրելու գործում։ Երկար տարիներ ղեկավարելով այդ ծառայությունը՝ նա նպաստել է նեֆրոլոգիական հիվանդանոցային ցանցի ընդլայնմանը, բազմաթիվ կադրերի պատրաստմանը և գործնականում շաքարախտի, սրտանոթային ախտաբանության և պարբերական հիվանդության ժամանակ նեֆրոպաթիայի բուժման արդյունավետ մեթոդների ներդրմանը։

 

Տեղին է նշել, որ նեֆրոլոգիայի զարգացման գործում իր լուման ներդրեց նաև ԵԲԻ պրոպեդևտիկայի ամբիոնի պրոֆեսոր Ֆրիքս Սուրենի Դրամփյանը։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում էին հիմնականում երիկամների ախտահարումը սկլերոդերմիայի և համակարգային կարմիր գայլախտի ժամանակ։


Ռ.Ս. Մամիկոնյանը մեծ ուշադրություն էր դարձնում ուսումնական գործընթացի կատարելագործմանը՝ գիտության նվաճումներին, առողջապահության բարեփոխումներին և բուհական կրթության ժամանակակից պահանջներին համահունչ։ Լինելով փայլուն հռետոր՝ նա մասնագիտական բարձր մակարդակով և միաժամանակ մատչելի լեզվով կարդում էր ներքին հիվանդությունների ամբողջ դասընթացը։ Դասախոսություններն առանձնանում էին պրոֆեսորի կողմից անձամբ մշակած և տեղին կիրառվող ցուցադրական նյութի ինքնաբավությամբ, դասախոս-լսարան աշխույժ կապի առկայությամբ, գիտական նորույթներով և դրանք մեկնաբանելու հանճարեղ պարզությամբ։ Դասախոսություններին պարտադիր քննարկվում էին կլինիկական դեպքեր։ Ռ.Ս. Մամիկոնյանի օրոք ամբիոնի ուսումնական գործընթացը օրինակելի էր ոչ միայն մայր բուհի այլև արտերկրների բժշկական համալսարանների շատ ու շատ ամբիոնների համար։


 Հայաստանի ականավոր թերապևտների սերնդին է պատկանում ՀԽԱՀ ԳԱ թղթակից անդամ (1982), պրոֆեսոր Գուրգեն Հովհաննեսի Բադալյանը (1923-1990)։ Նա 1966 թ. մինչև իր կյանքի վերջը ղեկավարել է ԵԲԻ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը և նպաստել Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում ամբիոնի նոր առաջնակարգ կլինիկական բազայի ստեղծմանը։ Նրա մահից հետո 10 տարի շարունակ ամբիոնը և կլինիկական բազան ղեկավարել է փորձառու կլինիցիստ պրոֆեսոր Արա Գրիգորի Բադալյանը։


Անվիճելի են պրոֆեսոր Գ.Հ. Բադալյանի նվաճումները սրտաթոքաբանության, մասնավորապես սրտային ասթմայով հիվանդների բրոնխային անցանելիության ուսումնասիրության բնագավառում, որի արդյունքները ամփոփվեցին «Սրտային հիվանդների բրոնխային անցանելիության վիճակը» դոկտորական թեզում (1964) և «Սրտային ասթմա» (1978), «Սրտային հիվանդների բրոնխային անցանելիությունը» (1981) մենագրություններում։ Ապացուցվել էր, որ սրտային քրոնիկ ախտաբանության ժամանակ սրտային անբավարարությամբ հիվանդների վիճակը պայմանավորվում է ոչ միայն ձախ փորոքի դիսֆունկցիայով, այլև բրոնխային անցանելիության խանգարման աստիճանով և արյան փոքր շրջանառության հեմոդինամիկայով։ Գիտնականին առաջին անգամ հաջողվեց ուսումնասիրել արտահայտված հևոցով հիվանդների արտաքին շնչառության ֆունկցիան, ինչը մինչև օրս լուրջ կլինիկական խնդիր է։


Լինելով Հայաստանի առողջապահության գլխավոր թերապևտ (1965-1985) և թերապևտների ընկերության նախագահ (1969-1989)՝ պրոֆեսոր Գ.Հ. Բադալյանը ջանք ու եռանդ չէր խնայում թերապևտիկ կլինիկաների կադրային և կառուցվածքային ներուժը հզորացնելու ու ներքին բժշկության բնագավառի գիտական հետազոտությունները համակարգելու համար։ Պրոֆեսոր Գ.Հ. Բադալյանի օրոք թերապևտների ընկերության նիստերում պարտադիր քննարկվում էին երիտասարդ գիտնականների և դոկտորանտների աշխատանքները։ Գ.Հ. Բադալյանի մահից հետո՝ մինչև 1996 թ., Հայաստանի թերապևտների ընկերության ղեկը ստանձնեց պրոֆեսոր Լուսիկ Միքայելի Միխայելյանցը։


Պրոֆեսոր Գ.Հ. Բադալյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, ներքին հիվանդությունների ախտորոշման 2 ուսումնական ձեռնարկների («Ներքին հիվանդությունների սիմպտոմատիկա» (1981) և «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա» (1988), 16 թեկնածուական և 2 դոկտորական աշխատանքների ղեկավար։ Նրա աշակերտներից հարկ է առանձնացնել վաստակաշատ թերապևտներ դոցենտներ Ա.Ս. Թոփչյանին և Մ.Վ. Վարդանյանին։


Պրոֆեսոր Գ.Հ. Բադալյանի ղեկավարությամբ ամբիոնում երկար տարիներ ուսումնասիրվում էին թոքային քրոնիկ ախտաբանության ժամանակ սրտի ձախ հատվածների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների առանձնահատկությունները, սրտի իշեմիկ հիվանդության ժառանգաբանական հայեցակետերը, արեգակնային ակտիվության և սրտամկանի ինֆարկտի հաճախականության միջև կապը, ինչպես նաև սրտաբանության բազմաբնույթ այլ հրատապ խնդիրներ։ Ամբիոնում տարբեր տարիներին աշխատել և գիտաուսումնական գործընթացի կայացմանն են նպաստել Ա.Տ. Սիմոնյանը, Վ.Մ. Ավագյանը, Զ.Լ. Դոլաբչյանը, Ս.Խ. Մադոյանը, Ա.Բ. Ղազարյանը, Ն.Ն. Խուդաբաշյանը, Ն.Հ. Եպիսկոպոսյանը, Հ.Լ. Ազիզյանը, Ռ.Ա. Շահնազարյանը, Ն.Հ. Խարազյանը, Լ.Լ. Դանիլովան։


Հայաստանի սրտաբանության զարգացման և միջազգային ճանաչման գործում նշանակալի դեր են խաղացել սրտաբանական հայկական դպրոցի կազմակերպիչներ, հայ բժշկության և թերապիայի լավագույն ավանդույթների մարմնավորողներ պետմրցանակների դափնեկիրներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը (ծնվ. 1922 թ.) և Կառլեն Գրիգորի Ադամյանը (ծնվ. 1937 թ.)։


ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994) Ռ.Պ. Ստամբոլցյանը 1963 թ. հիմնադրել է ԵԲԻ սանիտարահիգիենիկ ֆակուլտետի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը (վերանվանվել է սուբօրդինատորների թերապիայի (1972) և ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոն), որն էլ ղեկավարել է 1984-1987 և 2000-2001 թթ.։ Ռ.Պ. Ստամբոլցյանը ԵԲԻ հոսպիտալ թերապիայի ամբիոնում իր գործունեության սկզբնական շրջանում (1952-1957-ին ասիստենտ, 1957-1963-ին՝ դոցենտ) խորապես մշակել է խոցային հիվանդության քնաբուժության խնդիրը և պաշտպանել է թեկնածուական թեզ «Խոցային հիվանդության տարբերակված բուժում» թեմայով (1952)։ Այդ տարիներին նա մշակել է քնաբեր և անզգայացնող էլեկտրական սարք, Ռ.Ն. Գյանջեցյանի համահեղինակությամբ հրատարակել «Խոցային հիվանդության քնաբուժության եղանակի մասին» մենագրությունը (1953)։


Ռ.Պ. Ստամբոլցյանը մեծապես նպաստել է էլեկտրասրտագրության ներդրմանը պրակտիկայում և ստացել էլեկտրասրտագրության բնագավառում նորագույն ուղղություններ մշակողի համբավ։ Մոսկվայում կատարելագործվելով ԷՍԳ-ի գծով (1948)՝ նա հիմնել է ԷՍԳ-ի առանձին գրասենյակ, որտեղ տասնյակից ավելի բժիշկներ են վերապատրաստվել։ Հետագայում հմուտ բժիշկ և դասախոսը հրատարակում է «Օգնություն էլեկտրասրտագրություն ուսումնասիրողներին» (1957) և «Կլինիկական էլեկտրասրտագրություն» (1978) արժեքավոր ձեռնարկները, որոնք արտացոլում էին ԷՍԳ-ի կլինիկական մեկնաբանության ձեռքբերված փորձը։ 1962 թ. «Պսակային անբավարարության վաղ ախտորոշման և բուժման որոշ խնդիրներ» դոկտորական թեզում և «Պսակային անբավարարության ախտածագումային բուժման մասին» մենագրությունում նա ընդհանրացնում է իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման ոլորտում ուսումնասիրությունների արդյունքները։ 1965 թ. սկսվում է սրտի իշեմիկ հիվանդության վաղ ախտորոշման, հարինֆարկտային գոտում տեղի ունեցող փոփոխությունների գնահատման, սրտամկանի ինֆարկտով հիվանդների իշեմիայի նոր օջախների հայտնաբերման, դեղորայքային փորձերի մեկնաբանման և տարբերակված բուժման նշանակման գործում ԷՍԳ-ի քանակական վերլուծության դերի ուսումնասիրությունը։ Ռ.Պ. Ստամբոլցյանի ղեկավարած ամբիոնին կից բացվում է գիտահետազոտական լաբորատորիա (1968), որտեղ մշակվում են ԷՍԳ-ի մոնիտոր ավտոմատացված հսկողության հեռանկարային տեխնոլոգիաներ և սրտամկանի ինֆարկտի օջախի մեծության և ընթացքի գնահատման պրեկորդիալ քարտեզավորման նոր սկզբունք։ Նորմայում և սրտանոթային ախտաբանության ժամանակ ԷՍԳ-ի ատամիկների տևողության և ամպլիտուդի քանակական ինտեգրալ գնահատման մեթոդը, որը տարիներ շարունակ ուսումնասիրվել և ներդրվել է սրտաբանական պրակտիկայում Ռ.Պ. Ստամբոլցյանի ակադեմիական դպրոցի վառ ներկայացուցիչներ Լ.Մ. Միխայելցյանի, Ա.Գ. Բադալյանի, Ն.Ռ. Գյանջեցյանի, Մ.Ա. Մարտիրոսյանի, Գ.Ս. Իսախանյանի, Մ.Ա. Թադևոսյանի կողմից, ընդարձակ ներկայացվել է «Էլեկտրասրտապոտենցիալների ինտեգրալ ցուցանիշների քանակական ուսումնասիրության մեթոդը և դրա կլինիկական նշանակությունը սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ» Լուսիկ Միքայելի Միխայելյանցի դոկտորական թեզում (Երևան, 1979) և «ԷՍԳ-ի քանակական վերլուծության պլանիմետրիկ մեթոդը» մենագրությունում (Ռ.Պ. Ստամբոլցյան, Լ.Մ. Միխայելյանց, 1981)։


Ռ.Պ. Ստամբոլցյանը մեծ ուշադրություն է դարձնում ներքին հիվանդությունների ինտեգրացված դասավանդմանը։ Նրա խմբագրությամբ 1988 թ. առաջին անգամ հայերենով լույս տեսավ ներքին հիվանդությունների երկհատորյա ուսումնական ձեռնարկ, որտեղ ընդգրկվել էին թերապիայի գրեթե բոլոր բաժինները և որը իրավամբ կարելի է դիտարկել որպես ինտերնոլոգիայի հանրագիտարան։ Ձեռնարկն արտացոլում էր խորհրդային առողջապահության և բժշկական կրթության ձեռքբերումները, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի առաջատար բազմաթիվ մասնագետների հարուստ կլինիկական փորձը։


ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կ.Գ. Ադամյանը (1996) ՀՀ ԱՆ սրտաբանության ինստիտուտի միջազգային ճանաչում ձեռք բերած, հանրապետական նշանակության սրտաբանական ծառայության հիմնադիրն է։ Սրտաբանության ինստիտուտը նա ղեկավարում է 1979 թ.։ Այդ բժշկական և կրթական օջախի պատմության անբաժանելի մասն է կազմում հայ մեծանուն սրտաբաններ Կ.Ա. Քյանդարյանի, Զ.Լ. Դոլաբչյանի, Ս.Լ. Յոլյանի, Ռ.Ա. Չարչողլյանի, Ռ.Ս. Գաբրիելյանի, Ն.Ն. Խուդաբաշյանի, Ս.Վ. Գուրգենյանի, Լ.Ս. Հովհաննիսյանի գործունեությունը։
Կ.Գ. Ադամյանն գիտական ուսումնասիրությունների խնդիրներից են սրտի բնածին արատները։ Ուսումնասիրությունների արդյունքները մեծ ներդրում են Հայաստանում սրտային վիրաբուժության ֆունկցիոնալ ուղղության զարգացման գործում։ Այդ արդյունքները ամփոփվել են 1966 թ. հաջողությամբ պաշտպանված թեկնածուական ատենախոսությունում, որտեղ լուսաբանվել են միտրալ կոմիսուրոտոմիայի ընթացքում և հետվիրահատական շրջանում զարգացող բարդությունների կախվածությունը սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակից։ 1971 թ. նույն հաջողությամբ պաշտպանվեց «Սրտամկանի ֆունկցիոնալ վիճակը բնածին արատների ժամանակ վիրահատության ցուցումների և հակացուցումների համատեքստում» թեմայով դոկտորական թեզը։


Կ.Գ. Ադամյանի և նրա ակադեմիական խմբի աշխատություններում նշանակալի տեղ է հատկացվում արյան շրջանառության անբավարարության նախակլինիկական շրջանի դասակարգմանը, սրտային անբավարարության ժամանակ դիաստոլիկ դիսֆունկցիայի դերի ուսումնասիրությանը, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչների, ß-ադրենապաշարիչների, օրգանական նիտրատների, միզամուղների, հակաառիթմիկ մի շարք նորագույն պատրաստուկների լայնածավալ կլինիկական փորձարկմանը և սրտամկանի գերաճի, առիթմիաների, պսակային արյան շրջանառության վրա դրանց ազդեցության գնահատմանը, սրտի իշեմիկ հիվանդության և զարկերակային հիպերտոնիայի առաջնային և երկրորդային կանխարգելմանը, քրոնոբիոլոգիային, սրտի իշեմիկ հիվանդության և սրտային անբավարարության իմունային հայեցակետերին, էսենցիալ և երկրորդային հիպերտենզիաներին հատուկ սրտի հարմարվողական մեխանիզմներին, բարձրլեռնային հիպօքսիայի ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա։


Երկար տարիներ աշխատելով Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբանի պաշտոնում՝ ակադեմիկոս Կ.Գ. Ադամյանը նպաստել է ժամանակակից սարքավորումներով հագեցած առաջնային օղակի սրտաբանական գրասենյակների, շտապօգնության բրիգադների և հիվանդանոցների սրտաբանական բաժանմունքների ցանցի ընդլայնմանը։ Այդ տարիներին նոր թափ ստացան սրտաբանության ինստիտուտի սրտամկանի ինֆարկտի, սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության, զարկերակային հիպերտոնիայի, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարման և ռևմատաբանության բաժանմունքներում կատարվող գիտական հետազոտությունները։


Կ.Գ. Ադամյանին հատուկ է հասարական գործչի և մանկավարժի տաղանդը։ Տարիներ շարունակ նա գլխավորում է Հայաստանի բժիշկների և սրտաբանների միությունները, ղեկավարում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական սրտաբանության ամբիոնը (1995 թ.), թերապիայի գծով դոկտորական թեզերի պաշտպանության մասնագիտացված խորհուրդը և նպաստում հայազգի գիտական, մանկավարժական և պրակտիկ բարձրորակ կադրերի պատրաստմանը։ Նրա շնորհիվ արժանապատվորեն ներկայացվում են Հայաստանի սրտաբանների նվաճումները միջազգային բազմաթիվ ֆորումներում և Եվրոպայի ու ԱՊՀ սրտաբանների ասոցիացիաների կառույցներում։
Հիշատկման արժանի են անվանի սրտաբանի և թերապևտի մենագրություններն ու ուսումնական ձեռնարկները. «Սրտի իշեմիկ հիվանդություն», «Սրտի իշեմիկ հիվանդությունը և ծանրաբեռնվածության փորձերը» (1984), «Սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հետազոտության ժամանակակից մեթոդները» (1990), «Սրտի ռիթմի խանգարման կլինիկան և բուժումը» (1991), «Քրոնիկ սրտային անբավարարություն (ապացուցողական բժշկություն)» (2003) և այլն։


Հայրենական թերապիայի պատմության վառ էջերից է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական, սանիտարահիգիենիկ և ստոմատոլոգիական ֆակուլտետների թերապիայի ամբիոնի գործունեությունը (հիմնադրվել է 1954 թ.՝ որպես սանիտարահիգիենիկ ֆակուլտետի թերապիայի ամբիոն)։ Ամբիոնը ղեկավարել են Ա.Տ. Սիմոնյանը (1954-1955), Վ.Մ. Ավագյանը (1955-1975), Վ.Գ. Ամատունին (1975-1993) և Է.Ե. Նազարեթյանը (1993-1997)։


 Պրոֆեսոր Վարդան Մարգարի Ավագյանի (1900-1978) ղեկավարությամբ ամբիոնում ուսումնասիրվել են հիպերտոնիկ հիվանդության կլինիկական և համաճարակային հայեցակետերը Հայաստանի լեռնային և դաշտավայրային շրջաններում, հուզական սթրեսի, սեռի, տարիքի, կենցաղային պայմանների և այլ գործոնների ախտածին դերը հիպերտոնիկ հիվանդության առաջացման գործում։ Առաջին անգամ մշակվել են Հայաստանի ազգաբնակչության համար արյան զարկերակային ճնշման նորմատիվներ։ 1959 թ. պրոֆեսոր Վ.Մ. Ավագյանը պաշտպանել է դոկտորական թեզ «Երիտասարդ տարիքի հիպերտոնիկ հիվանդության վաղ շրջանի ուսումնասիրության նյութեր» թեմայով։
Պրոֆեսոր Վ.Մ. Ավագյանի օրոք թերապիայի ամբիոնը մանկաբուժական, ստոմատոլոգիական և սանիտարահիգիենիկ ֆակուլտետների ուսանողներին ներքին հիվանդություններ առարկայի տարբերակված դասավանդման ոլորտում մեծ փորձ ձեռք բերեց։ Անվանի գիտնականն ակտիվորեն մասնակցում էր ԵԲԻ հասարակական կյանքին, գլխավորում էր սրտաբանների և թերապևտների հանրապետական միությունը։ Նրա գրչին է պատկանում «Հիպերտոնիկ հիվանդություն» արժեքավոր մենագրային աշխատությունը (1963)։


Մանկաբուժական, սանիտարահիգիենիկ և ստոմատոլոգիական ֆակուլտետների թերապիայի ամբիոնի աշխատակիցները, մասնավորապես պրոֆեսոր Ե.Ի. Գասպարյանը, դոցենտներ Ժ.Պ. Ահարոնյանը և Ռ.Ա. Պողոսյանը երկար տարիներ դասավանդում էին մասնագիտական ախտաբանություն, ընդհանուր հիգիենայի և մասնագիտական ախտաբանության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրում էին Հայաստանի մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի սանիտարահիգիենիկ պայմանները և բանվորների առողջական վիճակը։ Գիտնականների ջանքերով համակողմանի ուսումնասիրվել էին հանրապետության և ամբողջ Խորհրդային Միության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Նաիրիտ» արդյունաբերական միավորման բանվորների աշխատանքային պայմանները և քլորոպրենով թունավորման խնդիրները, Արարատի ցեմենտ-շիֆերային գործարանի բանվորների արտաքին շնչառության ֆունկցիայի վիճակը։ Դրա հետ մեկտեղ պրոֆեսոր Վ.Գ. Ամատունու ղեկավարությամբ ուսումնասիրվել էին Ալավերդիի, Լենինականի, Երևանի արդյունաբերական ձեռնարկությունների բանվորների առողջական վիճակը, գրանցվել էր թոքային մի շարք քրոնիկ հիվանդությունների հաճախականությունը։ Ամբիոնի ուսումնասիրությունների արդյունքները գործնականում ներդրմանը մեծապես նպաստեցին պրոֆեսորներ Վ.Գ. Ամատունին և Ելենա Իվանի Գասպարյանը։ Պրոֆեսոր Ե.Ի. Գասպարյանը 1970-1995 թթ. աշխատում էր ամբիոնում և տարիներ շարունակ զբաղեցնում էր Հայաստանի ԱՆ գլխավոր պրոֆպաթոլոգի պաշտոնը։


 Պրոֆեսոր Վլադիմիր Գրիգորի Ամատունին (1926-1995) մեծ ներդրում ունեցավ թոքաբանության՝ որպես Հայաստանի բժշկագիտության ինքնուրույն բնագավառի զարգացման գործում։ Նա ղեկավարում էր հանրապետության ալերգոլոգիական և թոքաբանական ծառայությունը՝ վայելելով այդ ոլորտի անառարկելի հեղինակության համբավը։ Նրա ղեկավարությամբ համակողմանի ուսումնասիրվել են Հայաստանի լեռնային առողջարաններում թոքային հիվանդների կլիմայաբուժման հնարավորությունները, գիտականորեն հիմնավորվել է Երևանի Ավանի աղի հանքում անձավաբուժական կլինիկա բացելու անհրաժեշտությունը։ Նա ակտիվորեն մասնակցում էր այդ կլինիկայի կայացմանը և թոքային քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդությունների անձավաբուժության ցուցումների և հակացուցումների մշակմանը։ Պրոֆեսոր Վ.Գ. Ամատունու անվան հետ է կապված նաև Սևան քաղաքում «Արևիկ» առողջարանի բացումը։ Զբաղեցնելով Հայաստանի գլխավոր թոքաբանի պաշտոնը՝ պրոֆեսոր Վ.Գ. Ամատունին ստեղծեց նախապայմաններ պոլիկլինիկաներում թոքաբանական գրասենյակների լայն ցանցի ներդրման և հանրապետության թոքաբանական բաժանմունքները նորագույն սարքավորումներով հագեցնելու համար։ Կարևոր է նշել, որ գիտության բնագավառում ձեռքբերած գործունյա կազմակերպչի հեղինակությունը (1975-1989 թթ.՝ ԵԲԻ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր) թույլ տվեցին Վ.Գ. Ամատունուն և նրա ղեկավարած ամբիոնին ստեղծել կապեր ռուս մեծանուն թերապևտներ և թոքաբաններ Բ.Ե. Վոտչալի, Ն.Մ. Կոնչալովսկայայի, Ա.Ե. Վերմելի, Պ.Պ. Գորբենկոյի հետ, ինչը նպաստեց նրան, որ «թոքաբանություն» մասնագիտությունն ընդգրկվի Հայաստանի բժշկական մասնագիտությունների անվանացանկի մեջ։ Աներկբայորեն կարելի է վկայել, որ հայազգի անվանի գիտնականի օրոք բժշկական մայր-բուհում լուրջ հիմքերի վրա դրվեցին գիտական հետազոտությունները և դրանց արդյունքները միջազգային մակարդակով ներկայացնելը։


Մինչև օրս մեծ հետաքրքրություն են ներկայացնում պրոֆեսոր Վ.Գ. Ամատունու հիմնարար մենագրությունները. «Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները և բարձր լեռնային կլիման» (1975), «Մարզիկների ֆունկցիոնալ հնարավորությունները և միջին լեռնային պայմանները» (1988)։ Մենագրություններում լուսաբանվում են Հայաստանի լեռնային կլիմայի ազդեցության առանձնահատկությունները թոքերի քրոնիկ ախտաբանության զարգացման և ընթացքի վրա, Սևանի ավազանի (2000 մ ծովի մակերևույթից բարձր) բնակչության շրջանում թոքային ախտաբանության տարածվածությունը, Ծաղկաձորի (1980 մ) և Ջերմուկի (2080 մ) մարզական կենտրոնների լեռնային հիպօքսիայի պայմաններում թոքային ախտաբանությամբ հիվանդների և առողջ անձանց սրտի և շնչառական համակարգի հարմարվողության առանձնահատկությունները։


XX դարի 80-90-ական թվականներին Վ.Գ. Ամատունու աշակերտներ Մ.Դ. Սաֆարյանը, Մ.Զ. Նարիմանյանը, Ա.Կ. Եղոյանը, Ա.Ս. Հակոբյանը, Ա.Կ. Զաքարյանը, համագործակցելով ԵԲԻ կենտրոնական ԳՀԼ-ի աշխատակիցների հետ, իրականացրեցին բրոնխային ասթմայի և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների ախտածագման իմուն և ախտաքիմիական հայեցակետերը լուսաբանող լայնածավալ փորձարարական և կլինիկական հետազոտություն։ Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվեցին մի շարք թեզեր, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժան Հայաստանի թերապևտ-ինտերնիստների ասոցիացիայի թոքաբանության սեկցիայի նախագահ, 2006 թ. ասոցիացիայի նախագահ, ճանաչված թոքաբան և Հայաստանում ընտանեկան բժշկության հիմնադիր պրոֆեսոր Միքայել Զախարի Նարիմանյանի «Բրոնխային ասթմայի ժամանակ փոխհատուցող և հարմարվողական ռեակցիաների խանգարման իմուն և ախտաքիմիական մեխանիզմները» թեմայով դոկտորական թեզը (Երևան, 2000), որտեղ հեղինակը ընդհանրացնող պատկերացում է տալիս նորմայում և թոքային քրոնիկ ախտաբանության ժամանակ ֆիզիկական լարվածության և «Արագած» բարձր լեռնային կայանի (3250 մ) հիպօքսիայի պայմաններում լիպիդների գերօքսիդացման, իմունոգլոբուլինների, հիստամինի, կալցիում կարգավորող հոմեոստազի ցուցանիշների տեղաշարժերի սթրես կարգավորող և իրականացնող բնույթի մասին։


Ներկայումս ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ (1997 թ.), ԵՊԲՀ պրոռեկտոր պրոֆեսոր Մ.Զ. Նարիմանյանի ղեկավարությամբ շարունակվում են բրոնխային ասթմայի և թոքաբանության այլ հրատապ խնդիրների ուսումնասիրությունները, մշակվում են թոքաբանության և ներքին բժշկության գործնական ուղեցույցներ և դասախոսություններ առաջնային օղակի մասնագետների համար։


XX դարի 90-ական թթ. տեղի ունեցան սոցիալ-տնտեսական շրջադարձային փոփոխություններ, որոնք բացասական ազդեցություն թողեցին երբեմնի կուռ և կառավարվող առողջապահության համակարգի, ինչպես նաև բժշկագիտական ու կրթական ոլորտի վրա, որի կարևորագույն բաղկացուցիչ մասն է ներքին բժշկությունը։ Հայաստանի թերապևտիկ դպրոցների առջև ծառացան նոր խնդիրներ տեղեկատվական բացը լրացնելու, արտերկրների բժշկական դպրոցների հետ նոր կապեր ստեղծելու, մասնագիտական ընկերությունների դերի բարձրացման, գիտական հետազոտությունների իրականացման և գնահատման նոր չափանիշների մշակման, կրթական ծրագրերի վերամշակման և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու, ինչպես նաև մանկավարժական նոր կադրերի պատրաստման ուղղությամբ։ Վերջինը հատկապես հրատապ է բժշկական կրթության նախա- և հետդիպլոմային համակարգի վերջին տարիների փոփոխությունների տեսակետից. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի բացում (1994), ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրում (1997), ԵՊԲՀ սանիտարահիգիենիկ, մանկաբուժական և բուժական ֆակուլտետների միացում և ընդհանուր բժշկության ֆակուլտետի ստեղծում (1999)։ Եվ դարձյալ վերը նշված խնդիրների լուծման գործում մեծ նշանակություն տրվեց ներքին հիվանդությունների ակադեմիական ամբիոններին։


1995-1997 թթ. ԵՊԲՀ ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի վարիչն էր Գագիկ Ազատի Եգանյանը (1951), իսկ 1997-ից մինչև օրս Էդուարդ Եղիշի Նազարեթյանը (1944)։ Ամբիոնի գիտական գործունեության գերակայական ուղղությունն է պարբերական հիվանդության, քրոնիկ բորբոքային և թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդությունների ախտածագման իմունանյարդաէնդոկրին հայեցակետերի մշակումը։ Այդ ուղղությամբ էլ ծավալվում է միջազգային համագործակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի գիտնականների և մասնագիտական ընկերությունների հետ։ Պրոֆեսոր Է.Ե. Նազարեթյանը գիտամանկավարժական խոշոր կոլեկտիվի ղեկավար և հմուտ դասախոս է։ Նրա գիտական հետաքրքրությունները և կազմակերպչի ձիրքը վառ դրսևորվեցին ԵԲԻ հոսպիտալ թերապիայի ամբիոնին կից պարբերական հիվանդության գիտահետազոտական լաբորատորիան (1977-1983), Երևանի 8-րդ բուժմիավորման թերապևտիկ (1988-1993) և հանրապետական թոքաբանական կենտրոնի կլինիկաները (1993-1997), ինչպես նաև ԵՊԲՀ թերապիայի ամբիոնը ղեկավարելու տարիներին։ 1993-2000 թթ. նա գլխավորել է ՀՀ ԱՆ և ՊՆ թոքաբանության և թերապևտիկ ծառայությունները։ Նրա ջանքերի շնորհիվ Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում (ներկայումս՝ համալսարանական կլինիկա) կազմակերպվեց պարբերական հիվանդության գիտագործնական հանրապետական կենտրոն (1997)։ 1998-2000 թթ., ղեկավարելով ՊՆ ռազմաբժշկական վարչությունը, պրոֆեսոր Է.Ե. Նազարեթյանը նպաստեց զինծառայողների և ՊՆ անձնակազմի առողջական վիճակի բարելավմանը, ռազմաբժշկական բազմաթիվ որակյալ կադրերի պատրաստմանը, ռազմական և քաղաքացիական առողջապահության արդյունավետ համագործակցության մշակմանը և նոր մասնագիտության՝ ռազմական թերապիայի հիմնադրմանը։


Է.Ե. Նազարեթյանը պարբերական հիվանդության ախտածագման նոր՝ սթրեսային տեսության հեղինակ է։ Տեսության հիմնական դրույթները տեղ են գտել «Պարբերական հիվանդություն» (Է.Ե. Նազարեթյան, Գ.Ս. Հակոբյան, 1993) մենագրության մեջ։ Նրա կողմից ուսումնասիրվել են հիվանդությանը հատուկ իմունային և ֆերմենտային տեղաշարժերը։ Ուսումնասիրության արդյունքները հնարավորություն են տալիս առաջ քաշել մի շարք գործնականորեն կարևոր դրույթներ պարբերական հիվանդության ժամանակ բորբոքման և ամիլոիդոզի ախտածագման մեջ լյարդի ֆունկցիոնալ խանգարումների, իմունային անհավասարակշռության և լիզոսոմային ֆերմենտների քանակի աճի դերակատության մասին։ Երկար տարիների գիտական աշխատանքի արդյունքում պրոֆեսոր Է.Ե. Նազարեթյանը հաջողությամբ պաշտպանեց «Պարբերական հիվանդության ժամանակ կլինիկական և էնզիմոլոգիական զուգահեռները» դոկտորական թեզը (Լենինգրադ, 1985)։


1997 թ. պրոֆեսոր Է.Ե. Նազարեթյանը նախաձեռնությամբ ամբիոնի մի խումբ աշխատակիցներ (Գ.Ա. Եգանյան, Ալ.Ա. Այվազյան, Ա.Յու. Գասպարյան) սկսեցին ուսումնասիրել պարբերական հիվանդության կլինիկական և գենետիկական հայեցակետերը, մասնավորապես հիվանդության գենի մուտացիաների և կլինիկական ընթացքի ու ամիլոիդոզի զարգացման միջև կապի բացահայտման ուղղությամբ։ Արժեքավոր են ուսումնասիրությունների այն արդյունքները, որոնք վերաբերում են պարբերական հիվանդության ոչ բնորոշ բարդությունների առաջացման մեխանիզմների բացահայտմանը։ Առաջին անգամ ցույց տրվեց, որ այս հիվանդության որոշ մուտացիաներ (Met694Val) հոմոզիգոտ վիճակում հանգեցնում են ամիլոիդոզի ծանր բարդությունների, մասնավորապես սրտի ամիլոիդոզի։ Նկարագրվեցին պարբերական հիվանդության ժամանակ ամիլոիդոզի ոչ բնորոշ ընթացքի բազմաթիվ դեպքեր։ Պրոֆեսոր Է.Ե. Նազարեթյանի աշխատություններում առանձնացվեց պարբերական հիվանդության ժամանակ ամիլոիդոզի կարդիոպաթիկ կլինիկական տարբերակը։


 Հայաստանի բժշկագիտության զարգացման ոլորտում մեծ ավանդ ունի նաև ԵՊԲՀ ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնը, որի ղեկավարը 1988-2000 թթ. վաստակաշատ գիտնական, միջազգային բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ պրոֆեսոր Վիլեն Միլիթոսի Հարությունյանն էր (1933-2006)։


1974 թ. Վ.Մ. Հարությունյանը հաջողությամբ պաշտպանել է «Ինսուլինային ապարատի և վահանաձև գեղձի փոխկապակցվածության կլինիկական և փորձարարական դրսևորումները դրանց ախտաբանության ժամանակ» թեմայով դոկտորական թեզը, որտեղ առանձնահատուկ տեղ է հատկացվում ինսունկախյալ, պատանեկան տարիքի շաքարային դիաբետի և հիպերթիրեոզի զուգակցված ախտաբանությանը։ Գիտնականի և նրա ղեկավարած ամբիոնի գործունեության հիմնական ուղղվածությունն էր Հայաստանում խպիպի էնդեմիայի որոշ օջախների բնութագրումը և կանխարգելիչ միջոցառումների մշակումը, զարկերակային հիպերտենզիաների և պարբերական հիվանդության պատճառաախտածնության և բուժման խնդիրների լուծումը։ Վերջին տարիներին ամբիոնի աշխատակիցները, մասնավորապես դոցենտ Գ.Ս. Հակոբյանը, ուսումնասիրել են ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում հայտնաբերված մետաղապրոտեինների և սուպերօքսիդ անիոնային ռադիկալ արտադրող լիպոպրոտեիդի դերը պարբերական հիվանդության ախտածագման մեջ։


Ամբիոնում երկար տարիներ ուսումնասիրվել են այդ պարբերական հիվանդության և ամիլոիդոզի իմունային ու գաստրոէնտերոլոգիական հայեցակետերը։ Պարզվել է, որ հաճախ այս հիվանդության ժամանակ ֆունկցիոնալ դիսպեպսիայի «դիմակի» տակ թաքնվում են ստամոքսի և 12-մատնյա աղիքի էրոզիաներ և խոցեր։ Պրոֆեսորներ Վ.Մ. Հարությունյանի և Գ.Ա. Եգանյանի կողմից առաջարկվել է համակարգային ամիլոիդոզի վաղ հայտնաբերման նոր եղանակ, որի հիմքում ընկած է 12-մատնյա աղիքի լորձաթաղանթի բիօպտատի քննությունը։ Ցույց է տրվել, որ այդ բիօպտատի քննությամբ ախտորոշված ամիլոիդոզը մոտ 7% դեպքերում չի ուղեկցվում պրոտեինուրիայով, ինչը թույլ տրվեց առանձնացնել պարբերական հիվանդության նախակլինիկական շրջանը։ Ընդհանուր առմամբ, ախտաձևաբանական հետազոտությունները թույլ տվեցին նկարագրել այս հիվանդությանը հատուկ ամիլոիդոզի որոշ առանձնահատկություններ, հատկապես պարենխիմատոզ և մեզենխիմային օրգաններում ամիլոիդ նյութի խառը (պերիռետիկուլյար և պերիկոլագենային) նստեցումը։ Պրոֆեսոր Վ.Մ. Հարությունյանի ղեկավարությամբ իրականացված այդ հետազոտությունների արդյունքները հիմք դարձան ամբիոնի աշխատակից Գ.Ա. Եգանյանի դոկտորական թեզի («Ստամոքսաաղիքային ուղու ախտահարման ախտածագումը և կլինիկական նշանակությունը պարբերական հիվանդության ժամանակ», 1991)։


Ավանդաբար ԵՊԲՀ ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնում մշակվում են ուսանողների և գիտնականների համար արժեքավոր բազմաթիվ ձեռնարկներ և մենագրություններ։ Հատկանշական են պրոֆեսոր Վ.Մ. Հարությունյանի և համահեղինակների աշխատությունները. «Վահանաձև գեղձը և շաքարային դիաբետը» (1979), «Նյութափոխանակության խանգարման հիվանդություններ», «Էնդոկրին գեղձերի հիվանդություններ» (1989), «Ռևմատիկ հիվանդություններ» (1991), «Պարբերական հիվանդության գաստրոէնտերոլոգիական հայեցակետերը» (1994), «Պարբերական հիվանդություն» (2000, 2004) և այլն։


Պրոֆեսոր Վ.Մ. Հարությունյանի ջերմեռանդ աշխատանքի արդյունք է Հայաստանի թերապևտ-ինտերնիստների ասոցիացիայի հիմնադրումը (1996), որը միավորում է տարբեր ինտերնոլոգիական մասնագիտությունների ավելի քան 1500 բժիշկներ։ Ասոցիացիան նպաստում է ներքին բժշկության ոլորտում գիտական և գործնական կադրերի որակավորման բարձրացմանը, պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ և հրատարակում ասոցիացիայի անդամների գիտական աշխատանքների ժողովածուներ, կապեր հաստատում արտերկրների, մասնավորապես Ռուսաստանի թերապևտների և գաստրոէնտերոլոգների հետ, խորհրդատվական ծառայություններ մատուցում մայրաքաղաքի և մարզերի բնակչությանը։


Անդրադառնալով Հայաստանի համար կարևոր ճյուղին՝ գաստրոէնտերոլոգիային, հարկ է առանձնահատուկ նշել հանրապետության գաստրոէնտերոլոգիական և թերապևտիկ ծառայությունները տարբեր տարիներին ղեկավարած պրոֆեսորներ Էդուարդ Հրաչի Գրիգորյանի և Էդուարդ Գրիգորի Բաղդասարյանի ներդրումը։


Պրոֆեսոր Էդուարդ Գրիգորի Բաղդասարյանը (1937-2002) 1976-2002 թթ. անփոփոխ ղեկավարում էր Առողջապահության ազգային ինստիտուտի թերապիայի ամբիոնը։ Նա օժտված էր հմուտ ղեկավարի, բժշկի և մանկավարժի տաղանդով։ Հայաստանում հետդիպլոմային բժշկական և թերապևտիկ կրթության կազմակերպումը, ինչպես նաև բժշկի վեհ գործին ծառայելը դարձան այդ բարձրաստիճան մտավորականի, լայն մտահորիզոնով, բոլորի կողմից հարգված անձնավորության կյանքի իմաստը։ Պրոֆեսոր Է.Գ. Բաղդասարյանը կարևոր դեր խաղաց ինչպես ամբիոնի, այնպես էլ ամբողջ ինստիտուտի կայացման գործում։ Հայաստանի թերապիայի պատմության մեջ նրա անունը գրվեց ինստիտուտի թերապիայի ամբիոնի հիմնադիրներ Ալմա Ալեքսանդրի Քաթանյանի և Ալեքսանդր Արտաշեսի Մելիք-Ադամյանի անունների կողքին։ Տեղին է հիշատակել նաև, որ 1988-1992 ծանր, անցումային տարիներին պրոֆեսոր Է.Գ. Բաղդասարյանը զբաղեցնում էր Երևանի բժշիկների կատարելագործման ինստիտուտի տնօրենի պաշտոնը, և շարունակում էր ուսումնասիրել ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության կլինիկական համաճարակաբանության, ինչպես նաև այդ տարիներին գաստրոէնտերոլոգիայի մի շարք այլ հրատապ խնդիրներ։


Ամփոփելով Հայաստանի թերապիայի պատմության համառոտ ակնարկը՝ հարկ է նշել, որ բնագավառի տեսական և գործնական ամուր հիմքը, որն ստեղծվել է անվանի գիտնականների անձնուրաց աշխատանքի և գիտական մի շարք դպրոցների տասնյակ տարիների գործունեության շնորհիվ, մեր օրերում զորացվում է և համապատասխանեցվում գիտության և բժշկական կրթության նվաճումներին։ Անշուշտ, այդ գործընթացում առաջատար դեր են խաղում մայր բուհի՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ինտերնոլոգիական ուղղվածություն ունեցող ակադեմիական ամբիոնները, որտեղ արմատավորվել են բժշկական կրթության և ապագա բժիշկների դաստիարակության տասնյակ տարիների ավանդույթներ։ Դրա հետ մեկտեղ պետք է ընդգծել, որ բնագավառի զարգացման գործում կարևոր դեր են խաղում նաև Առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների, կլինիկական սրտաբանության, ռևմատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի ամբիոնները։


Ներքին բժշկության հետագա զարգացման անկյունաքարը պետք է լինի գործող ակադեմիական ամբիոնների, ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակի թերապևտների և թերապևտիկ մասնագիտական ընկերությունների համագործակությունը։

Հեղինակ. Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ.
Սկզբնաղբյուր. Ներքին հիանդություններ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»

118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը

Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան,  նա ստիպված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը
Մայիսի 8-ին ծնվել է  Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը

Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ